Իրական կրթության ու կրթվելու մասին - Mediamax.am

Իրական կրթության ու կրթվելու մասին
2508 դիտում

Իրական կրթության ու կրթվելու մասին


Վերջերս հնարավորություն ունեցա մասնակցելու Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի մասնագիտական վերապատրաստման ծրագրերից մեկին, որն առնչվում էր իմ ոլորտին՝ հաղորդակցությանը:

Բայց այս սյունակը դրա մասին չէ, այլ ավելի շատ՝ ծրագրի մասնակիցների, մարդկանց, որոնք իրենց մասնագիտական շարունակական զարգացումը համարում են սովորական մի բան, ու ոչ էլ կրթությունը «նորաձեւ» են համարում. դա նրանց համար պարտադիր անհրաժեշտություն է:

Կարծում էի, մասնագիտական դասընթացի մասնակիցները հիմնականում հաղորդակցության ոլորտից կլինեն, բայց «կուրսում» ընդգրկված էին խիստ տարբեր բնագավառներից 30-ից 60 տարիքային խմբում գտնվող մարդիկ, հիմնականում՝ ԱՄՆ տարբեր գերատեսչություններից բարձր օղակների պաշտոնյաներ, քաղաքապետեր, ընկերությունների ղեկավարներ ու մենեջերական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք:

Ամերիկյան կրթական համակարգում շատ ընդունված են խմբային աշխատանքները: Մեր չորս հոգանոց խմբում էր նաեւ ԱՄՆ Թենեսի նահանգի քաղաքներից մեկի՝ Սփրինգ Հիլի քաղաքապետը (որն, ի դեպ, բավականին լավ հռետոր էր): Երբ հարցրեցի, թե իր ինչին է պետք հաղորդակցության ծրագիրը, երբ իր հաղորդակցության թիմը կամ մասնագետը կարող է այդ  խնդիրներով զբաղվել, նա անկեղծ զարմացավ իմ հարցից. «Ես աշխատում եմ, ես շփվում եմ բնակչության հետ, արդյունավետ հաղորդակցությունը անհրաժեշտություն է, դա կարեւոր հմտություն է, որի նշանակությունը պետք չէ թերագնահատել»:

«Կուրսում» բավականին շատ էին պաշտոնյաները: Նրանք ջանասիրաբար կատարում էին բոլոր առաջադրանքները, դասախոսների հետ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ քննարկումներ ծավալում: Հատկապես ակտիվ էին ընթանում  «Հանրային խոսք» առարկայի դասերը, քանի որ մասնակիցները չափազանց կարեւորում էին հանրության հետ արդյունավետ, ճիշտ եւ գրագետ հաղորդակցությունը: Չեմ թաքցնի՝ ինձ եւ՛ զարմացնում, եւ՛  հիացնում էր իրենց հանրային խոսքի նկատմամբ նման բարձր պատասխանատվությունը:

Հունաստանից մասնակից ունեինք, որը վերջերս էր նշանակվել բարձր պաշտոնում եւ ասում էր, թե ծրագրին մասնակցում է հենց այս առարկայի համար, քանի որ պաշտոնի բերումով մեծանալու է հանրային շփման պահանջը, եւ իր համար առաջնահերթ է մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելը:

Ծրագրի ընթացքում, մասնագիտական հմտությունների փոխանցումից բացի, շեշտը դրվում էր արժեքների պահպանության, հանրության ու մարդկանց նկատմամբ հարգանքի, թույլ տրված սխալների ընդունման ու դրանց շտկման կարողության, իսկ պաշտոնյաների պարագայում նաեւ՝ հաշվետվողականության ու հանրության հետ անկեղծ լինելու վրա: Օրինակ, Հայաստանում նախաձեռնված «կրթվելը նորաձեւ է» լատենտ  նախընտրական-քարոզչական արշավը, այդ  չափանիշներով, անընդունելի  է ու նույնիսկ՝ զավեշտալի: Իսկ մեզ համար, որպես հանրություն, ցավալի է, որ այդ զավեշտին, առհասարակ, մասնակցողներ կան, քանի որ «կրթողների» թեկուզ միայն բառապաշարն արդեն մղոններով հեռու է կրթության կոնցեպտից, իսկ ըստ հաղորդակցության սկզբունքների՝ պարզապես անթույլատրելի է:

Ես ինչ-որ պահի ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ նախանձում եմ: Քանի որ իրականում շատ կուզեի, որ Սփրինգ Հիլի քաղաքապետի փոխարեն այդ դասընթացին մասնակցեր, օրինակ, Երեւանի քաղաքապետը, կամ մեր պաշտոնյաներն էլ այնպիսի բարձր պատասխանատվությամբ վերաբերվեին իրենց հանրային խոսքին, ինչպես հույն պաշտոնյան:

Զոյա Բարսեղյանը հաղորդակցության եւ հանրային կապերի մասնագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Իջեցրե՛ք դրոշները
Մեր ընտրանին
OSZAR »